ONLYOFFICE 10.0՝ ավելի մանրամասն անվտանգության վերջին 40 շտկումների մասին

10 նոյեմբերի 2026Sona-ի կողմից

Անվտանգությունն ONLYOFFICE-ի յուրաքանչյուր թողարկման կարևոր մասն է։ Երբ հայտնաբերվում է խոցելիություն, մեր թիմն աշխատում է այն հնարավորինս արագ շտկելու ուղղությամբ, որպեսզի ձեր փաստաթղթերը, օգտատերերն ու ենթակառուցվածքները մնան պաշտպանված։

ONLYOFFICE 10.0 տարբերակը ներառում է անվտանգության ավելի քան 40 շտկում ինչպես առցանց խմբագրերի, այնպես էլ համակարգչային հավելվածի համար։ Դրանք վերաբերում են փաստաթղթերի փոխակերպմանը, PDF ֆայլերի մշակմանը, մակրոներին, ինտեգրումներին և սերվերի կարգավորումներին։ Գաղտնի տվյալների հետ աշխատող կազմակերպությունների համար այս թողարկումն ապահովում է պաշտպանության լրացուցիչ մակարդակ։

Տեսնենք, թե ինչ է փոխվել։

ONLYOFFICE 10.0: A closer look at the latest 40 security fixes

Մանրամասն շտկում՝ XSS խոցելիություն ԱԲ ֆունկցիայի մեջ

Այս թողարկման ընթացքում շտկված խնդիրներից մեկը վերաբերում է ԱԲ ֆունկցիայի Value դաշտում առկա XSS խոցելիությանը։ Դրա շահագործումը կարող էր հանգեցնել խմբագրի աշխատանքի դադարեցմանը։

Ի՞նչ է XSS-ը։ Cross-site scripting-ը (XSS) հարձակում է, որի ընթացքում վնասակար սկրիպտ է ներմուծվում բովանդակության մեջ, որը հետագայում բացում են այլ օգտատերեր։ Սկրիպտի գործարկման արդյունքում կարող է խաթարվել հավելվածի աշխատանքը, փոխվել օգտատիրոջը ցուցադրվող բովանդակությունը կամ փորձ արվել հասանելիություն ստանալ այն տվյալներին, որոնց հասանելիությունը պետք է սահմանափակված լինի։

Ինչո՞ւ է այս շտկումը կարևոր՝

  • Ապահովում է խմբագրի անխափան աշխատանքը։ Այլևս հնարավոր չի լինի հատուկ ձևավորված արժեքի միջոցով խափանել խմբագրի աշխատանքը, և ձեր թիմերը կկարողանան շարունակել իրենց աշխատանքը։
  • Պաշտպանում է ԱԲ-ի վրա հիմնված աշխատանքային գործընթացները։ ԱԲ գործառույթներն այժմ մշակում են օգտատերերի ամենօրյա աշխատանքի ավելի մեծ ծավալի բովանդակություն, ուստի կարևոր է ապահովել դրանց կողմից ընդունվող մուտքային տվյալների անվտանգությունը։
  • Նվազեցնում է ընդհանուր օգտագործման փաստաթղթերի հետ կապված ռիսկերը։ Համատեղ աշխատանքի միջավայրում մեկ վնասակար ֆայլը կարող է հասանելի դառնալ բազմաթիվ օգտատերերի։ Այս խոցելիության վերացումը պաշտպանում է փաստաթուղթը բացող բոլոր օգտատերերին։

Անվտանգության շտկումներ առցանց խմբագրերում

ONLYOFFICE 10.0 տարբերակում շտկվել են առցանց խմբագրերում հայտնաբերված հետևյալ խոցելիությունները՝

  • Շտկվել է DOCX փաստաթղթերի հիպերհղումներում առկա XSS խոցելիությունը։
  • Շտկվել է մակրոների մեկուսացման մեխանիզմի շրջանցման հնարավորությունը։
  • Շտկվել է XLS ֆայլերը XLSX ձևաչափի փոխարկելիս հիշողության մեջ տվյալների սխալ գրառումը։
  • Շտկվել է ԱԲ օգնական ստեղծելիս Անուն դաշտում առկա XSS խոցելիությունը։
  • Շտկվել է PDF ֆայլեր տպելիս թույլտվության ստուգման շրջանցման հնարավորությունը։
  • Շտկվել է DOCX ֆայլերում ոճերի ժառանգման ցիկլային շղթաները մշակելիս փոխարկիչի աշխատանքի խափանումը։
  • Շտկվել է հին ձևաչափերի փաստաթղթերը փոխարկելիս OLE տվյալները կարդալու ընթացքում բուֆերի գերլցման (Stack Buffer Overflow) խոցելիությունը։
  • Շտկվել է PDF ֆայլերում պատկերների դիմակները (Image Masks) արտապատկերելիս դինամիկ հիշողության բուֆերի գերլցման (Heap Buffer Overflow) խոցելիությունը։
  • Շտկվել է մակրոների մեկուսացման մեխանիզմի շրջանցման հնարավորությունը, որը թույլ էր տալիս մուտք գործել քուքիներին։
  • Շտկվել է օպերացիոն համակարգի ֆայլերին հասանելիություն ստանալու հնարավորությունը Document Builder API-ի native.GetFileBinary մեթոդի միջոցով։
  • Շտկվել է խմբագրի թոքենի միջոցով Document Builder մուտք գործելու հնարավորությունը։
  • Շտկվել է /ai-proxy Վերջնակետում առկա SSRF խոցելիությունը։
  • Շտկվել է DOC ֆայլերը DOCX ձևաչափի փոխարկելիս զանգվածի սահմաններից դուրս տվյալներ կարդալու հնարավորությունը։
  • Շտկվել է PPT մետաֆայլերը մշակելիս զանգվածի սահմաններից դուրս տվյալներ կարդալու խոցելիությունը, որը կարող էր հանգեցնել ստացված PPTX ֆայլում հիշողության տվյալների բացահայտմանը։
  • Շտկվել է DOC ֆայլերում նիշերի ձևաչափումը վերլուծելիս զանգվածի սահմաններից դուրս տվյալներ կարդալու հնարավորությունը։
  • Շտկվել է DOC ֆայլերում Piece Table-ը վերլուծելիս զանգվածի սահմաններից դուրս տվյալներ կարդալու հնարավորությունը։
  • Շտկվել է PDF փաստաթղթերում ներդրված JavaScript կոդի գործարկումը։
  • Շտկվել է WOPI վերջնակետերում առկա SSRF խոցելիությունը։
  • Շտկվել է որոշ DOCX ֆայլեր փոխարկելիս հիշողության նույն հատվածը կրկնակի ազատելու խնդիրը։
  • Շտկվել է DOC ֆայլերում տառատեսակների աղյուսակը վերլուծելիս զանգվածի սահմաններից դուրս տվյալներ կարդալու հնարավորությունը։
  • Շտկվել է փաստաթղթերի փոխարկման ընթացքում ամբողջ թվի գերհոսքի հետևանքով առաջացած դինամիկ հիշողության սահմաններից դուրս տվյալների գրառման հնարավորությունը։
  • Շտկվել է Աղյուսակների խմբագրում ֆունկցիայի արգումենտների պատուհանում առկա XSS խոցելիությունը։
  • Շտկվել է PDF ֆայլերի գործողություններում ավելացված վնասակար JavaScript կոդի գործարկումը։
  • Շտկվել է HML ֆայլերը մշակելիս ֆայլերի ուղիների մանիպուլյացիայի (Path Traversal) խոցելիությունը։
  • Շտկվել է փոխարկման ընթացքում արխիվները հանելիս կամայական ֆայլեր գրելու հնարավորությունը։
  • Շտկվել է EPUB ֆայլերը փոխարկելիս տեղային ֆայլերը կարդալու հնարավորությունը։
  • Շտկվել է Document Builder հարցման միջոցով runtime.json ֆայլը ստեղծելու հնարավորությունը։
  • Շտկվել է Document Editor-ում Review վահանակի միջոցով տառատեսակի կամ ոճի անվանման օգտագործմամբ XSS խոցելիությունը։
  • Շտկվել է /baseurl էջում արտացոլվող XSS խոցելիությունը (Reflected XSS)։
  • Շտկվել է անանուն WOPI convert-and-edit հարցման համար թոքեն տրամադրելու հնարավորությունը, որը ընդունվում էր Document Builder API-ի կողմից։
  • Շտկվել է XLS ֆայլերը XLSX ձևաչափի փոխարկելիս զանգվածի սահմաններից դուրս տվյալներ կարդալու հնարավորությունը։
  • Շտկվել է runtime.json ֆայլի միջոցով գրանցամատյանի (Logging) կարգավորումներում ֆայլային համակարգի կամայական ուղի նշելու հնարավորությունը։
  • Շտկվել է WOPI-ի միջոցով համատեղ խմբագրման սեսիայի առևանգման հնարավորությունը։
  • Շտկվել է WOPI-ի միջոցով նոր ֆայլեր ստեղծելու ձևանմուշների մշակիչում առկա ֆայլերի ուղիների մանիպուլյացիայի խոցելիությունը, որը կարող էր հանգեցնել սերվերի կարգավորումների բացահայտմանը։
  • Շտկվել են DocumentServer Docker պատկերի խոցելիությունները։
  • Շտկվել է XPS ֆայլերում տառատեսակները մշակելիս բուֆերի գերլցման (Stack Buffer Overflow) խոցելիությունը։
  • Շտկվել է HTML հավելվածում փաստաթղթում տեղադրելու ընթացքում առաջացող XSS խոցելիությունը։
  • Շտկվել է Բազմաբնակիչ ռեժիմում առանց կարգավորված գաղտնի բանալիի վարձակալների նույնականացման խնդիրը։
  • Շտկվել է EMF+ bitmap պատկերները մշակելիս զանգվածի սահմաններից դուրս տվյալներ կարդալու խոցելիությունը, որը կարող էր հանգեցնել հիշողության տվյալների բացահայտմանը։
  • Շտկվել է XLS ֆայլերում հիպերհղումները մշակելիս զանգվածի սահմաններից դուրս տվյալներ կարդալու խոցելիությունը, որը կարող էր հանգեցնել հիշողության տվյալների բացահայտմանը։
  • Շտկվել է WMF ֆայլերն արտապատկերելիս զանգվածի սահմաններից դուրս տվյալներ կարդալու խոցելիությունը, որը կարող էր հանգեցնել ստացված փաստաթղթում հիշողության տվյալների բացահայտմանը։
  • Շտկվել է documentserver-flush-cache սկրիպտի միջոցով արտոնությունների բարձրացման հնարավորությունը։
  • Շտկվել են Docker պատկերի OpenSSL-ում առկա CVE-2022-3602 և CVE-2022-3786 խոցելիությունները։
  • Շտկվել է փաստաթղթերի փոխարկման ընթացքում առաջացող CVE-2022-23308 խոցելիությունը։

Համակարգչային խմբագրերում անվտանգության բոլոր շտկումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Պահպանեք անվտանգությունը, թարմացրեք ONLYOFFICE-ը մինչև 10.0 տարբերակ

Այս բոլոր շտկումներից օգտվելու ամենապարզ միջոցը ձեր տեղադրումը ժամանակին թարմացնելն է`

  1. Ստուգեք ձեր ընթացիկ տարբերակը։ Սա հատկապես կարևոր է ինքնահոսթինգով և լոկալ տեղակայումների դեպքում։
  2. Ուսումնասիրեք փոփոխությունների ցանկը (Changelog)։ Համոզվեք, թե որ շտկումներն են վերաբերում ձեր կարգավորումներին, օրինակ՝ Docker-ին, WOPI ինտեգրումներին կամ բազմաբնակիչ ռեժիմին։
  3. Թարմացրեք մինչև 10.0 տարբերակ։ Օգտվեք ONLYOFFICE-ի պաշտոնական կայքի տեղադրման փաթեթներից կամ այցելեք Օգնության կենտրոն։
  4. Թարմացրեք համակարգչային հավելվածները ձեր կազմակերպության բոլոր սարքերում։ Այսպիսով կապահովեք բոլոր սարքերի պաշտպանության նույն մակարդակը։

Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)

Արդյո՞ք այս շտկումները վերաբերում են ինչպես առցանց, այնպես էլ համակարգչային խմբագրերին։

Շտկումների մեծ մասը վերաբերում է երկու տարբերակներին էլ։ Սակայն դրանց մի փոքր մասն առանձնահատուկ է յուրաքանչյուր տարբերակի համար։ Օրինակ՝ WOPI-ի և JWT-ի հետ կապված որոշ շտկումներ վերաբերում են միայն առցանց խմբագրերին, մինչդեռ
CEF-ի հետ կապված որոշ խնդիրներ ազդում են միայն համակարգչային հավելվածների վրա։

Արդյո՞ք անհրաժեշտ է թարմացնել ONLYOFFICE-ը, եթե օգտագործում եմ լոկալ տարբերակը։

Այո՛։ Լոկալ և ինքնահոսթինգով տեղադրումներն ինքնաբերաբար չեն թարմացվում։ Խստորեն խորհուրդ ենք տալիս հնարավորինս շուտ կատարել թարմացումը, ONLYOFFICE 10.0 տարբերակի անվտանգության բոլոր շտկումներից օգտվելու համար։

Ի՞նչ է մակրոների մեկուսացման մեխանիզմի շրջանցումը (Macro Sandbox Bypass), և ինչո՞ւ է այն կարևոր։

ONLYOFFICE-ը մակրոներն աշխատեցնում է մեկուսացված միջավայրում (Sandbox), որպեսզի դրանք չկարողանան մուտք գործել այն ռեսուրսներին, որոնց հասանելիությունը սահմանափակված է։ Մեկուսացման մեխանիզմի շրջանցումը նշանակում է, որ մակրոն կարող է շրջանցել այդ սահմանափակումները։ Այս թողարկման մեջ վերացվել է նման երկու խոցելիություն, որոնցից մեկը թույլ էր տալիս մուտք գործել բրաուզերի քուքիներին։ Այս շտկումները պաշտպանում են այն օգտատերերին, որոնք մակրոներ են գործարկում ընդհանուր օգտագործման կամ գաղտնի տվյալներ պարունակող փաստաթղթերում։

Արդյո՞ք PDF ֆայլերն այժմ ավելի անվտանգ են ONLYOFFICE 10.0-ում բացելու համար։

Այո՛։ Շտկվել են PDF-ի հետ կապված մի շարք խոցելիություններ, այդ թվում՝ ներդրված JavaScript կոդի գործարկումը, ֆայլերի գործողություններում ավելացված վնասակար JavaScript կոդի գործարկումը, տպելիս թույլտվության ստուգման շրջանցումը և PDF փաստաթղթերի միջոցով կամայական ֆայլերի ջնջման հնարավորությունը։ Քանի որ PDF ֆայլերը հաճախ օգտագործվում են վնասակար բովանդակություն տարածելու համար, այս շտկումները հատկապես կարևոր են արտաքին աղբյուրներից ստացված փաստաթղթեր մշակող կազմակերպությունների համար։

Ինչպե՞ս է ONLYOFFICE-ը մշակում անվտանգության խոցելիությունների մասին հաղորդումները։

Մենք լրջորեն ենք վերաբերվում յուրաքանչյուր հաղորդման։ Խոցելիության հայտնաբերման դեպքում լինի դա ներքին թեստավորման, համայնքի օգտատերերի հաղորդումների, թե անվտանգության հետազոտողների միջոցով, մեր թիմն արագ աշխատում է համապատասխան շտկումը մշակելու և թողարկելու ուղղությամբ։ Մենք նաև վարում ենք փոփոխությունների հրապարակային ցանկ (Changelog), որտեղ օգտատերերը կարող են մանրամասն ծանոթանալ յուրաքանչյուր տարբերակում կատարված շտկումներին։

Որտե՞ղ կարող եմ հաղորդել անվտանգության խոցելիության մասին։

Եթե ONLYOFFICE-ում անվտանգության խնդիր եք հայտնաբերել, խնդրում ենք դրա մասին պատասխանատու կերպով տեղեկացնել մեզ, կապ հաստատելով անվտանգության հարցերով մեր պաշտոնական էլեկտրոնային հասցեով՝ security@onlyoffice.com։ Կարող եք նաև այցելել մեր Անվտանգություն – Կապ մեզ հետ էջը։ Մենք կուսումնասիրենք բոլոր հաղորդումները և կհամագործակցենք ձեզ հետ, խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։

Արդյո՞ք մամուլում վերջերս հիշատակված խոցելիությունը (CVE-2021-3199) շտկվել է ONLYOFFICE-ում։

Այո՛։ Լրատվամիջոցներում վերջերս հիշատակված խոցելիությունը (CVE-2021-3199) շտկվել է ONLYOFFICE խմբագրերի 5.6.3 տարբերակում, ուստի այն չի ազդում ընթացիկ տարբերակների վրա։ Խստորեն խորհուրդ ենք տալիս բոլոր նրանց, ովքեր դեռ օգտագործում են ավելի հին տարբերակներ, թարմացնել այն մինչև ONLYOFFICE 10.0 տարբերակ, որը ներառում է նաև վերը նշված անվտանգության բոլոր շտկումները։

Նշում։ Կարող եք նկատել, որ մեր թողարկման մասին հայտարարության մեջ նշվել է մոտ 35 շտկված խոցելիության մասին, մինչդեռ անվտանգությանն առանձին նվիրված հոդվածում նշվում է ավելի քան 40 խոցելիության մասին։ Երկու թվերն էլ հրապարակման պահին ճշգրիտ էին՝ երկու հոդվածների հրապարակման միջև ընկած ժամանակահատվածում լրացուցիչ շտկումներ վերջնականացվել և ավելացվել են փոփոխությունների ցանկում։ Բացի այդ, անվտանգության մասին հոդվածն ընդգրկում է ինչպես առցանց, այնպես էլ համակարգչային խմբագրերը։ Սույն հոդվածում ներկայացված են բոլոր շտկումները։

Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը

Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում: