Տարին, երբ դարձանք բաց ծածկագրով
ONLYOFFICE-ի 16-ամյակի առթիվ հետադարձ հայացք ենք դարձնում այն կարևոր պահերին, որոնք ձևավորել են մեր անցած ուղին։ Այս շարքում անդրադառնում ենք գաղափարներին, որոշումներին և կարևոր կետերին, որոնց շնորհիվ փոքր համագործակցային հարթակը վերածվեց գրասենյակային փաթեթի, որն այսօր օգտագործում են միլիոնավոր մարդիկ։
Այս անգամ կանգ ենք առնում մեր պատմության ամենանշանակալի շրջադարձերից մեկի վրա՝ այն տարում, երբ ONLYOFFICE-ը դարձավ բաց ծածկագրով։

Բաց ծածկագրի նոր ընկալումը
2014 թվականին բաց ծածկագրով ծրագրերն այլևս չէին համարվում միայն ծրագրավորողների հետաքրքրության ոլորտ։ Ավելի ու ավելի շատ օգտատերեր և կազմակերպություններ ընտրում էին բաց ծածկագրով լուծումներ ոչ միայն դրանց ճկունության, այլև թափանցիկության և վերահսկելիության համար։
Քանի որ թվային գործիքներն արդեն դարձել էին առօրյա աշխատանքի անբաժանելի մասը, կազմակերպություններն ավելի մեծ ուշադրություն էին դարձնում, թե ինչպես է ծրագրային ապահովումը մշակում իրենց տվյալները։ Վերահսկողությունն ու վստահությունն ավելի կարևոր էին դառնում։ Նրանք ցանկանում էին հասկանալ, թե ինչպես են աշխատում իրենց օգտագործած գործիքները, որտեղ են պահվում իրենց տվյալները և արդյոք կարող են ծրագրային ապահովումը տեղակայել ու հարմարեցնել իրենց պահանջներին համապատասխան։
Այս փոփոխվող ակնկալիքներն արտացոլվեցին նաև ONLYOFFICE-ի զարգացման ուղղության մեջ։
Մեր ճանապարհը դեպի բաց ծածկագիր
2014 թվականը կարևոր կետ դարձավ ONLYOFFICE-ի պատմության մեջ։ Հունվարին մենք բաց ծածկագրի համայնքին ներկայացրինք TeamLab Server Community-ն՝ սերվերային տարբերակ, որը կարելի էր անվճար ներբեռնել և տեղակայել սեփական ենթակառուցվածքում։
Այս թողարկումը ցույց տվեց, որ մեր արտադրանքն արդեն շարժվում էր դեպի ավելի բաց զարգացման մոդել, առաջնահերթություն տալով ինքնուրույն տեղակայմանը և համայնքի համար ավելի լայն հասանելիությանը։

Հուլիսին նախագիծն արդեն նշում էր իր 4-ամյակը և վաղուց հաղթահարել էր իր առաջին քայլերի փուլը։ Այն արդեն փոխել էր իր անվանումը և պատրաստ էր զարգացման նոր, ավելի ինքնուրույն փուլին։
Այդ ժամանակ մենք պաշտոնապես բացեցինք ամբողջ հավելվածի սկզբնական ծածկագիրը՝ այն հրապարակելով AGPL v3 լիցենզիայի ներքո։ Այդպիսով, ONLYOFFICE-ը դարձավ ամբողջովին բաց ծածկագրով լուծում։ Սա ներառում էր առցանց փաստաթղթերի խմբագիրները, համատեղ խմբագրման հնարավորությունները, Գանտի գծապատկերները և հաշիվ-ապրանքագրերի կառավարման գործիքները։
Բացելով մեր ծածկագիրը, մենք վերահաստատում ենք ONLYOFFICE-ի թափանցիկությունն ու հուսալիությունը։ Գիտակցում ենք, որ տվյալների անվտանգությունն այսօր կարևորագույն հարցերից է կազմակերպությունների մեծամասնության համար, հատկապես երբ խոսքը վերաբերում է փաստաթղթերին։ Հենց այդ պատճառով մենք թաքցնելու ոչինչ չունենք և ոչ մեկից թաքնվելու կարիք չունենք:
Հենց այդ պահից ONLYOFFICE-ը լիարժեք դարձավ բաց ծածկագրով էկոհամակարգի մի մասը, ոչ թե որպես փորձնական կամ երկրորդական նախագիծ, այլ որպես մեր արտադրանքի զարգացման հստակ և երկարաժամկետ ուղղություն։
Երբ Համակարգչային Խմբագրերի ծածկագիրը դարձավ բաց
Երկու տարի անց 2016 թվականի հոկտեմբերին, մենք թողարկեցինք ONLYOFFICE Համակարգչային Խմբագրերի սկզբնական ծածկագիրը, նույն թափանցիկության և բացության սկզբունքները տարածելով նաև մեր համակարգչային հավելվածների վրա։
Այդ պահից համակարգչային խմբագրերը դարձավ անվճար ինչպես անձնական, այնպես էլ կոմերցիոն օգտագործման համար։ Ցանկացած օգտատեր կարող էր ուսումնասիրել, թե ինչպես են աշխատում համակարգչային խմբագրերը, ինչպես նաև փոփոխել դրանք, իր պահանջներին և նախասիրություններին համապատասխան։
Բաց էկոհամակարգի ձևավորումը
Բաց ծածկագրի անցնելը նոր հնարավորություններ ստեղծեց ոչ միայն ONLYOFFICE-ի, այլև ամբողջ համայնքի համար։ 2016 թվականի նոյեմբերին մենք ներկայացրինք պլագինների աջակցությունը, ծրագրավորողներին հնարավորություն տալով ավելացնել նոր ֆունկցիաներ և հարմարեցնել ONLYOFFICE-ը տարբեր աշխատանքային գործընթացների պահանջներին։
Էկոհամակարգի զարգացմանը զուգընթաց ընդլայնվում էին նաև հնարավորությունները ծրագրավորողների, տեխնոլոգիական գործընկերների և համայնքի համար։ Բաց ծածկագրով հարթակների, օրինակ՝ ownCloud-ի և Nextcloud–ի հետ նոր ինտեգրումները հեշտացրին փաստաթղթերի խմբագրումն ու համատեղ աշխատանքը արդեն ծանոթ միջավայրերում։
Եթե սկզբում խոսքը ընդամենը մի քանի ինտեգրման մասին էր, ապա այսօր ONLYOFFICE-ի էկոհամակարգը ներառում է ավելի քան 40 պաշտոնական կոնեկտոր, որոնք օգտատերերին հնարավորություն են տալիս խմբագրել և համատեղ աշխատել փաստաթղթերի վրա հենց այն հարթակներում, որոնք նրանք արդեն օգտագործում են։

Workspace-ը դառնում է ավելի բաց
Մեր ճանապարհը դեպի բաց ծածկագրով լուծումներ չավարտվեց խմբագիրներով և ինտեգրումներով։
2020 թվականին ONLYOFFICE Groups-ը՝ համագործակցության հարթակը, որը ONLYOFFICE Workspace-ի բաղկացուցիչ մասն էր, հասանելի դարձավ Apache 2.0 լիցենզիայի ներքո։ Այս փոփոխությունը կազմակերպություններին, ծառայություններ մատուցողներին և ծրագրավորողներին հնարավորություն տվեց ավելի հեշտ տեղակայել, հարմարեցնել և տարածել հարթակը, որպես իրենց սեփական լուծումների մաս։
Բաց ծածկագրով փաստաթղթերի խմբագիրների հետ միասին սա ևս մեկ կարևոր քայլ էր դեպի ավելի ճկուն, փոխգործունակ ONLYOFFICE Workspace։

Ի սկզբանե բաց ծածկագրով՝ DocSpace
Երբ 2023 թվականին ներկայացրինք ONLYOFFICE DocSpace-ը, բաց ծածկագիրն արդեն պարզապես մեր պատմության կարևոր հանգրվաններից մեկը չէր, այն դարձել էր նոր արտադրանքներ ստեղծելու մեր մոտեցման անբաժանելի մասը։
Մեր նոր համագործակցության հարթակը ներկայացրեց սենյակների վրա հիմնված անվտանգ համագործակցության նոր մոդել, օգտատերերին հնարավորություն տալով համատեղ ստեղծել, վերանայել և կիսվել փաստաթղթերով, ճկուն մուտքի իրավունքների կառավարմամբ։
Ի տարբերություն TeamLab-ի, որը բաց ծածկագրով դարձավ իր գործարկումից մի քանի տարի անց, DocSpace-ն այս գաղափարախոսությունն ընդունեց հենց առաջին օրվանից։
Ինչու էր սա կարևոր
Օգտատերերի համար սա պարզապես սկզբնական կոդի հասանելիություն չէր։ Սա նշանակում էր ավելի մեծ վստահություն, ավելի մեծ ճկունություն և ազատություն, աշխատելու այնպիսի հարթակի հետ, որը կարելի էր ուսումնասիրել, տեղակայել և հարմարեցնել սեփական կարիքներին։
Իսկ արտադրանքի համար սա ստեղծեց ամուր հիմք երկարաժամկետ զարգացման համար։ Բաց ծածկագիրը լիովին համահունչ էր ONLYOFFICE-ի զարգացման ուղղությանը՝ դեպի ավելի բաց, փոխգործունակ և համագործակցության վրա հիմնված միջավայր, որը համապատասխանում է ժամանակակից աշխատանքի պահանջներին։
Այսօր, հետադարձ հայացք դարձնելով, պարզ է դառնում, որ 2014 թվականը շրջադարձային տարի էր։ Արտադրանքը հասունացել էր, զարգացման ուղղությունը հստակ էր, իսկ ONLYOFFICE անվանումն արդեն լիովին արտացոլում էր այն, ինչ դարձել էր հարթակը։
Հետևե՛ք մեր բլոգին, շուտով կհրապարակվի շարքի հինգերորդ հոդվածը։
Ստեղծել ձեր անվճար ONLYOFFICE հաշիվը
Դիտում, խմբագրում և համագործակցում փաստաթղթերում, աղյուսակաթերթերում, սլայդներում, ձևաթղթերում և PDF ֆայլերում:


